воскресенье, 30 октября 2011 г.

Քո կարիերան. աշխատանքային խորհուրդ Մարկուս Բուքինգհամից

Մարկուս Բուքինգհամը «Մարկուս Բուքինգհամ» խորհրդատվական ընկերության հիմնադիրն է: Մի շարք բեստսելլերների հեղինակ է, որոնց թվում է նաև Find your strongest Life գիրքը։

Հարց. Ինձ դուր է գալիս արտահաստիքային աշխատանքը. ֆիքսված աշխատանքային ժամեր չունեմ, սակայն գումար վաստակում եմ: Ճի՞շտ է այդպես շարունակելը:
Պատասխան. Նայած որ տեսանկյունից։ Արդյո՞ք արտահաստիքային աշխատանքով վաստակած գումարը բավականացնում է քո ծախսերը հոգալու համար: Մյուս կողմից` կանոնավոր աշխատանքն իր դրական կողմերն ունի. չէ՞ որ հեշտ չէ առանց ռեժիմի ապրել: Եթե, հաշվի առնելով այս ամենը, միևնույն է, մնում ես նույն կարծիքին, ուրեմն շարունակիր:
Հարց. Հանգստյան օրերին տնօրենս միշտ զանգահարում է բջջայինիս: Ինչ-որ կերպ կարո՞ղ եմ պատնեշ ստեղծել:
Պատասխան. Դա աշխատանքի բնույթից է կախված: Բայց, ամեն դեպքում, պետք է հստակ ժամեր նշանակել գործի համար: Պետք է դիվանագետ գտնվել. «Ես ուզում եմ Ձեզ ցանկացած պահի օգտակար լինել, բայց ինձ հարկավոր է որոշակի ժամեր հատկացնել անձնական կյանքիս, եթե, իհարկե, ծայրահեղ իրավիճակ չլինի»: Սա լավ սկիզբ կլինի: Եթե երկուսդ էլ գործնական լավ հարաբերությունների մեջ եք, հաստատ կկարողանաք լեզու գտնել այդ հարցում:
Հարց. Ես բլոգ ունեմ: Սակայն տնօրենս այդ մասին չգիտի. ապահովության համար արժե՞ տնօրենիս տեղյակ պահել։
Պատասխան. Հուսամ` չես որոշել աշխատանքային ձախողումների մասին բարձրաձայնել հասարակական ֆորումում: Բացի դրանից, բլոգի մասին տնօրենին տեղյակ պահելը ձեր ընկերության գործունեությունից և քո բլոգի ուղղվածությունից է կախված: Օրինակ` եթե աշխատանքդ տեխնիկական ոլորտում է, իսկ դու սննդին վերաբերող բլոգ ունես, չեմ կարծում` դա տնօրենիդ համար խնդիր կլինի: Պարզապես հիշիր. զգույշ ես լինում գործընկերներիդ մասին գրելիս և բլոգով չես զբաղվում աշխատանքային ժամերի հաշվին: Կարծում եմ` այս դեպքում խնդիրներ չեն լինի:
Հարց. Ժողովների ժամանակ չեմ ուզում խոսել միայն խոսելու համար: Ինչպե՞ս վարվել։
Պատասխան. Յուրաքանչյուր աշխատանք շատ ավելի հաջող կլիներ, եթե բոլորը քեզ նման մտածեին: Առաջարկում եմ` խոսելուց առաջ ինքդ քեզ երկու հարց տաս: Առաջին՝ արդյո՞ք փորձում եմ ուղղակի իմացածս ցույց տալ: Եթե այդպես է, դա ակնհայտ կլինի, և ասածդ ոչ մեկին չի հետաքրքրի: Երկրորդ՝ արդյո՞ք իմ պատասխանից որևէ մեկն օգուտ կքաղի: Եթե՝ ոչ, ապա գերադասելի է լռել:
Հարց. Այս տարի ինչ-ինչ խնդիրների պատճառով ընկերությունում պաշտոնի բարձրացում չի սպասվում: Ինչպե՞ս տնօրենին հասկացնեմ, որ հետագայում հավակնում եմ առաջխաղացման:
Պատասխան. Փոքրիկ հնարք. մի պահ քեզ տնօրենիդ տեղը դիր: Պատկերացրու` աշխատողդ քեզ մոտ է գալիս ու փոխանակ բողոքելու և ասելու. «Սա անընդունելի է», հարցնում է. «Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ամբողջ թիմի համար արդյունավետ լինի: Ես կարող եմ այսինչ-այսինչ հարցերում օգտակար լինել»: Իսկ հիմա պատկերացրու, որ գալիս է խոստումը կատարելու պահը, և առաջինը ո՞վ է տնօրենի մտքում... իհարկե՝ դու:

Комментариев нет:

Отправить комментарий